ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում, այդ գումարից 13,6 մլրդ դոլարը կտրամադրվի Ուկրաինային՝ անվտանգության եւ մարդասիրական օգնության համար, իսկ 15,6 մլրդ դոլարը՝ COVID-ի դեմ պայքարի համար, ասել են ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները:

Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ Ռոզա ԴեԼաուրոն ասել է, որ ծրագիրը ներառում է պաշտպանության հետ չկապված 730 մլրդ դոլար եւ պաշտպանական 782 մլրդ դոլար ֆինանսավորում:

«Այս երկկուսակցական համաձայնագիրը կօգնի մեզ լուծել բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնց մենք բախվում ենք տանը եւ արտասահմանում, սկսած COVID-19-ից մինչեւ Ուկրաինայի վրա դաժան եւ անբարոյական հարձակումը, մինչեւ աշխատասեր ամերիկյան ընտանիքների համար ծախսերը կրճատելու անհրաժեշտությունը»,- հայտարարել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին եւ ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։

Նրանց խոսքով՝ ծախսերի համապարփակ ծրագիրը կավելացնի ներքին առաջնահերթությունների ֆինանսավորումը, այդ թվում՝ ենթակառուցվածքների համար գումարները: Այն նաեւ ԱՄՆ ենթակառուցվածքը «Ռուսաստանի եւ այլ չարամիտների» կիբեռհարձակումներից պաշտպանելու նոր միջոցներ է ներառում: