Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը բանտում։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։

Սաակաշվիլիի խոսքով՝ հացադուլը դադարեցնել խնդրել են «վրացի ռազմիկները, որոնք պաշտպանում են Ուկրաինան 2014թ․-ից», ինչպես նաեւ Ուկրաինայի գերագույն հրամանատարությունը, որի հետ ինքը մշտական ​​կապի մեջ է։

«Հիմա մեզ պետք է ողջամտություն, առողջություն եւ լիարժեք մոբիլիզացիա, ուժ՝ թուլության փոխարեն։ Մենք պետք է հաղթանակը դիմավորենք լիարժեք պատրաստակամությամբ»,- ասել է նա։

Սաակաշվիլին փետրվարի 21-ին կրկին անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ ի պատասխան Վրաստանի իշխանության գործողությունների։ Առաջին անգամ նա այդ մասին հայտարարել էր Վրաստանում կալանավորումից անմիջապես հետո՝ 2021թ հոկտեմբերի 1-ին, եւ դադարեցրել էր հացադուլը դրանից 50 օր անց։