Խոշոր ներդրողները Ռուսաստանից շարունակում են աշխատել սովորականի ռեժիմով։ Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։

«ՀԿԵ-ն եւ այլ ընկերություններ պատժամիջոցների հետ կապված գործունեություն չեն իրականացնում։ Ռուսաստանի տնտեսության անկումը կանխատեսվում է 6 տոկոսի մակարդակում, եւ դա էական ազդեցություն ունի մեզ վրա։ Պետք է անել ամեն ինչ՝ բացասական ազդեցությունը նվազեցնելու համար»,- ասաց նա։
Գալստյանը հայտնեց, որ 2021 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը 850 մլն դոլար է կազմել: Այժմ հայ արտահանողներն ակտիվորեն բանակցություններ են վարում պայմանագրերի պայմանները փոխելու ուղղությամբ՝ հաշվի առնելով փոխարժեքի փոփոխումը։

Անորոշությունը շատ մեծ է, եւ բոլորը սպասում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ակտիվ փուլի ավարտին, որպեսզի հնարավոր լինի արդեն բովանդակային բանակցություններ վարել նոր պայմանների շուրջ։ Ներմուծման դեպքում անորոշությունն ավելի քիչ է: