ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը մոտ 1 կմ առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։

NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ ադրբեջանական զինված ծառայողների՝ Հայաստանի տարածք մտնելն առաջինը նկատել է Ներքին Հանդի բնակիչներից մեկը, որը գնացել էր անասունների հետեւից եւ տեսել, որ ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այդ տարածքում։

«Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել եւ վրաններ են տեղադրել Հայաստանի սուվերեն տարածքում։  Խնդիրը միայն այն չէ, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածք են մտել, այլեւ այն, որ գյուղի գերեզմանոցը, ջրի աղբյուրը դիտարկվում է այդ տարածքից, ինչը նշանակում է, որ այդ տարածք գնալը վտանգավոր է բնակիչների համար։ Գյուղացիներն իրենց տեսածը պատմել են համայնքի ղեկավարին, փորձել են հասկանալ՝ ինչ կարող են անել։ Իշխանությունների կողմից չի խրախուսվում, երբ մարդիկ բարձրաձայնում են խնդիրների մասին, բայց գյուղացիներն էլ ասում են՝ ումի՞ց պետք է վախենանք, թուրքն արդեն հասնում է մեր տուն, ինչո՞ւ չպետք է բարձրաձայնենք մեր տեսածի մասին։ Մարդիկ չգիտեն՝ հաջորդ զիջումը երբ է լինելու։ Բնակիչներն ասում են՝ էսպես ո՞նց կլինի, ամեն օր արթնանում ենք, մեկ էլ տեսնում ենք ադրբեջանցիները առաջ են եկել, մինչեւ որտե՞ղ պետք է առաջ գան, կարո՞ղ է գյուղն էլ են ուզում հանձնել։ Մարդկանց հուզում է այն, որ իրենց հետ որեւէ մեկը շփման մեջ չի մտնում, չգիտեն՝ հաջորդ վայրկյանին ինչ է կատարվելու»,– ասաց Աննա Գրիգորյանը։

Ներքին Հանդի տարածքում ադրբեջանական զինծառայողների առաջխաղացման մասին NEWS.am-ի հետ զրույցում երեկ՝ մարտի 15–ին, բարձրաձայնել էր համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ Ժամեր անց Պաշտպանության նախարարությունը հերքել էր  այդ տեղեկությունը, ընդգծելով.

«Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»։

Ներքին Հանդում իր տեսածից եւ գյուղացիների հետ զրույցից հետո, «Հայաստան» խմբակցության անդամը ՊՆ–ին կեղծ տեղեկություն տրամադրելու եւ հանրությանը մոլորեցնելու մեջ է մեղադրում։

«Պաշտպանության նախարարության մեկնաբանությունը կեղծ է։ 2020թ. դեկտեմբերի 17–ից հետո, երբ հերթական հուշագրով զիջվեցին Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները եւ ճանապարհները, անցել է 2021թ. գարունը, ամառը, աշունը, այսինքն՝ եղանակային լավ պայմաններում որեւէ հենակետ չի դրվել եւ հիմա՞ են որոշել այնտեղ հենակետ տեղադրել։

Ադրբեջանցիները քայլելով եկել ու ապօրինաբար տեղադրել են 6 վրան, երբեւէ այդ տարածքում չի եղել նման հենակետ, իսկ այն, որ դա մեր հողն է՝ քարտեզներով անգամ կարելի է ապացուցել, գյուղացիները պատմում են, որ դրանք իրենց պապենական հողերն են եղել, ժամանակին այնտեղ արոտավայրեր են ունեցել։ Հարցականի տակ դնել, որ դա հայկական հող  է, աբսուրդ է։

Թե ինչ համապատասխան քայլեր է անում Պաշտպանության նախարարությունը սրա առնչությամբ, այս պահին տեսանելի չէ, միայն հերքում են ադրբեջանցիների առաջխաղացումը, ինչով թմրեցնում են հասարակությանը»,– նշեց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը հայտնեց նաեւ, որ դեպի Մեղրի տանող այլընտրանքային ճանապարհին, որն անցնում է Ներքին Հանդ–Ծավ ճանապարհի խաչմերուկով, ռուս սահմանապահները անցակետ են կառուցում։

«Թե ինչու են հենց մեր երկրի տարածքում կառուցում այդ անցակետը, երբ դեռ գյուղը առջեւում է, դժվար է հասկանալ։ Գուցե հասկանալի լիներ, եթե այն կառուցեին Ադրբեջանի հետ սահմանին։ Ասում են, որ անցակետը նոր չի կառուցվում, համենայնդեպս, ես սա չեմ կապի ադրբեջանցիների առաջխաղացման հետ, հավանաբար, սրանք տարբեր գործընթացներ են»,– ասաց Աննա Գրիգորյանը։