Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը առաջիկա հինգ տարիների ընթացքում 42 մլրդ դոլար կներդնի Հնդկաստանում՝ երկկողմ առեւտրի խթանման համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է AP-ն:

Կիսիդան պաշտոնը ստանձնելուց հետո Հնդկաստան կատարած իր առաջին այցի ընթացքում Նյու Դելիում հանդիպել է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Երկու ղեկավարները բանակցություններ են վարել հարցերի լայն շրջանակի շուրջ՝ տնտեսությունից մինչեւ անվտանգության ոլորտում համագործակցություն։

Կիսիդան լրագրողներին ասել է, որ ներդրումային ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մի շարք ոլորտների՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացումից մինչեւ «կանաչ» էներգետիկա:

Նա նաեւ նշել է, որ երկու կողմերը հաստատել են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության կապերն ամրապնդելու հարցում Ճապոնիայի եւ Հնդկաստանի հանձնառությունը եւ քննարկել են Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը։

«Մենք քննարկեցինք իրավիճակը Ուկրաինայում։ Ռուսաստանի (հարձակումը) լուրջ խնդիր է, քանի որ այն սասանել է միջազգային նորմերը»,- ասել է նա:

Իր հերթին Հնդկաստանը պնդում է, որ Ճապոնիայի հետ կապերը տարածաշրջանում կայունության բանալին են: Երկու երկրներն էլ, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի հետ միասին, անդամակցում են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան դաշինքին, որը հայտնի է որպես «քառյակ» եւ դիմակայում է Չինաստանի աճող ազդեցությանը Ասիայում: