Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երեւան– Սեւան մայրուղին եւ հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։

NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ ակցիան խաղաղ է։ Տեղում նաեւ ոստիկաններ կան։

«Պահանջում ենք, որ նախարարը գա եւ մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը եւ սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»,– ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։

Բնակիչները սպասում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։ Մինչդեռ նախարարությունից  NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ այս համայնքների համար  որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։

«Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սեւան համայնքի կազմում, որեւէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,– ասել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը