2021թ․ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցելու համար գրանցվել էր 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն եւ 4 դաշինք։ Այս մասին ասվում է ԿԸՀ-ի՝ 2020-2021թթ․ գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ, որը մարտի 30-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Այսպիսով, հանրապետությունում ձեւավորվել են 2008 ընտրատեղամասեր։ Դրանցից 479-ը Երեւանում են, եւս 1529-ը՝ մարզերում։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ մոտ 2 միլիոն 578 հազար քաղաքացի։ Դրանցից ավելի քան 855 հազարը՝ մայրաքաղաքում։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1 միլիոն 281 հազարը կամ 49,4 տոկոսը։

Ընտրությունների թափանցիկությունն ապահովելու նպատակով հանրապետություն է այցելել 483 միջազգային դիտորդ։ Ներգրավված էին նաեւ 8749 դիտորդներ Հայաստանից, որոնք ներկայացնում էին 19 տեղական հասարակական կազմակերպություններ։

ԿԸՀ-ն ստեղծել է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան կայք։ Այն գործարկվել է Ազգային ժողովի համապետական ​​ընտրություններին ընդառաջ։ Միաժամանակ պահպանվել է նաեւ հին տարբերակը։

Բացի այդ, 2020-2021թթ․ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 58 համայնքում անցկացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանցից 44-ը խոշորացված են եղել։ Խոշորացված համայնքները ներառում էին բավականին մեծ թվով փոքր բնակավայրեր։

2021թ․՝ նոր Ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, ԿԸՀ-ն բավականին մեծ աշխատանք է կատարել։ Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու համար ձեւավորվել է 1235 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը կազմել է 1 միլիոն 359 հազար 947 մարդ։ Միաժամանակ փաստացի քվեարկել է 566 հազար 367 մարդ։