Արմեն Գրիգորյանի եւ Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը նպատակ ուներ շարունակել եւ զարգացնել համատեղ ջանքերը երկու երկրների միջեւ չլուծված խնդիրների լուծման ուղղությամբ։ Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Պատասխանելով հարցին այն մասին, որ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին, Կլաարը նշել է, որ այդ հատուկ հարցը վերջին մեկ տարվա ընթացքում եղել է ԵՄ միջնորդական ջանքերի օրակարգում, մասնավորապես՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ։

«Այդ համատեքստում ուրախ եմ նշել, որ երկու օր առաջ Բրյուսելում ես օգնեցի կազմակերպել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱՀ նախագահի օգնական, ԱՀ նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը: Այդ հանդիպումը նպատակ ուներ շարունակել եւ զարգացնել համատեղ ջանքերը երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Ի շարունակություն 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ԵՄ եւ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ մասնակիցները քննարկել են տարածաշրջանի քաղաքական իրավիճակին եւ անվտանգությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ուրախ եմ, որ մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին։ Քննարկվել են նաեւ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները, որը կկայանա 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ Երեւանում եւ Բաքվում կայացած հանդիպումներից տպավորությունները հիմնականում դրական են. «Ես միշտ ձգտում եմ բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու պատիվին, ինչը գնահատվում է Բրյուսելում՝ որպես այդ գործընթացում կողմերի լուրջ մասնակցության նշան։ Հուսով եմ, որ մեր գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ առկա բոլոր խնդիրների փոխզիջումային լուծումներ գտնելու բազմաթիվ քայլերի ընդունմանը, եւ ԵՄ-ն, անկասկած, կշարունակի իր ջանքերն այդ ուղղությամբ»։