Իրավիճակը Հայաստանի ու Արցախի համար իսկապես բավական բարդ է, եւ պատերազմի վտանգ միշտ կա, բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի վտանգի մասին խոսքերը կարող են մանիպուլացիոն լինել, որպեսզի  «խաղաղության օրակարգը» առաջ տանեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այս իշխանությունները, փոխանակ ամրապնդեն մեր դիրքերը, մտածում են խաղաղության օրակարգի, հայելային հետքաշման մասին:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, որ դեմ են Ադրբեջանի առաջարկած հինգ կետին, որովհետև, եթե դրանք իրականացվեն, վտանգված է լինելու Արցախի ապագան. «Այս իշխանությունները խոսում են տարբեր իրավունքների մասին, բայց երբ հարց ես տալիս Արցախի ինքնորոշման, նրա անկախության մասին, չեն ցանկանում պատասխանել, հղում են կատարում ինչ-որ հարցազրույցների», - նշեց Օհանյանը՝ ընդգծելով, որ գործող իշխանությունը չի բարձրաձայնում Արցախի ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կազմից դուրս լինելու անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով՝ իշխանությունների անգործության պատճառով է, որ ՀՀ սահմաններում ու Արցախում կան բաց տեղեր. Անվտանգության ամբողջ համակարգը չի մոբիլիզացվել, պաշտպանական համապատասխան կառույցներ չեն ձևավորվել։

Պաշտպանության նախկին նախարարն անընդունելի է համարում, որ այս ամենի ֆոնին Հայաստանը չունի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։