Իշխանության խնդիրն է՝ խաղաղապահներին մեղադրել, թե չմեղադրել, մեր խնդիրն է՝ ասել իշխանությանը, թե ինչու՞ չի ձևավորվել պատշաճ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ վերաբերելի մասով նաեւ Ադրբեջանի միջեւ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ինչու՞ պատշաճ մակարդակի չի փոխգործակցությունը Արցախի պաշտպանության բանակի և նաև խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների միջև։ Ինչու՞ ամբողջությամբ առաջնային գիծը չի ուսումնասիրվել և չեն փակվել բոլոր այն ճեղքերը, որոնք վտանգ են սպառնում Արցախի խաղաղ բնակչության համար։ Ո՞վ պետք է պատասխան տա Փառուխի և Խրամորթի խաղաղ բնակիչներին։ Իրանք ռուս խաղաղապահների՞ց հարցնեն»,-իր զարմանքն արտահայտեց Սեյրան Օհանյանը։

Ճշտող հարցին, թե արդյոք ռուս խաղաղապահների անգործությունը չի տեսնում, որ ադրբեջանցիները մտել են Փառուխ ու Քարագլուխ, Օհանյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Այն, որ յուրաքանչյուրն իր պատասխանատվության գոտին ունի, դա միանշանակ է: Ինչ վերաբերում է անգործությանը, քանի որ մենք լիարժեք չենք տիրապետում իրավիճակին, դրա գնահատականը թող տան այն մարդիկ, որոնք մեն օր զբաղվում են դրանով»:

Նա նշեց, որ իրեն զարմացնում է նաև թուրքական խորամանկության մեջ մտնելու իշխանությունների միամտությունը։ Օհանյանն ավելացրեց՝ շատ ավելի զարմացած է Արցախի իշխանությունների վրա, քանի որ վերջիններս մշտապես առնչվել են և գիտեն ադրբեջանցին ով է։