Ադրբեջանը հինգերորդն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում Ստրասբուրգի դատարանի որոշումների չկատարման մասով։ Այս մասին հայտարարել է փաստաբան Խալիդ Աղալիեւը՝ մեկնաբանելով նախօրեին Եվրախորհրդի մամուլի ծառայության կողմից տարածված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ակնարկային զեկույցը, փոխանցում է Turan-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանում չկատարված է մնում ՄԻԵԴ-ի 271 որոշում, իսկ հարեւան Վրաստանում եւ Հայաստանում՝ համապատասխանաբար 63 եւ 50։

Ադրբեջանում 2021 թվականին ՄԻԵԴ-ի 46 որոշում է մտել կատարման փուլ, իսկ 2020 թվականին այդ թիվը 51 էր:

Նախորդ տարի Ադրբեջանը հասցված վնասը փոխհատուցել է 51 գործով, սակայն միայն 23 դեպքում է ժամանակին վճարվել փոխհատուցումը: Ընդ որում, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 58 գործով փոխհատուցում չի վճարվել: