Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի իշխանություններին ստիպելու են հնարավորինս շուտ ստորգրել մեզ համար վատ փաստաթուղթը: Այս մասին NEWS.am-ին TALK TIME ծրագրի եթերում տված հարցազրույցում ասել է քաղտեխնոլոգ Բիգեն Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ Բաքվի առաջարկած հինգ կետը, որոնք հավանության են արժանացել Հայաստանի իշխանությունների կողմից, լրջագույն ռիսկեր են պարունակում, քանի որ կարող են կապիտուլյացիայի նոր փուլ արձանագրել:

«Եթե Հայաստանը կողմ է Բաքվի առաջարկներին, ապա դեռեւս բարդ է պատկերացնել՝ ով կարող է խանգարել: Նման կողմ կարող է դառնալ որեւէ աշխարհաքաղաքական կենտրոն, օրինակ՝ նույն Ռուսաստանը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան, ընդհանուր առմամբ, ողջունում է կողմերի քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանգրի ստորագրմանը, սակայն դա դեռեւս վաղաժամկետ է: Ռուսաստանն առնվազն ներկա պահին կողմնակից չէ այն բանին, որ աշխարհի, հատկապես՝ Մոսկվայի համար այս ծանր պահին իր մեջքի հետեւում որևէ փաստաթուղթ ստորագրվի Արցախի հարցով»,- ընդգծել է նա:

Հակոբյանը հավելել է, որ դժվար է հասկանալ Հայաստանի շահերը՝ երկրի ներկայիս իշխանությունների աչքում, որոնք խոսում են Բաքվի առաջարկած հինգ կետի ընդունելի լինելու մասին: 

Խոսքն այն մասին չէ, թե արդյոք Արեւմուտքն ինչ-որ բան կանի՝ հօգուտ Հայաստանի: Առաջին հերթին, իշխանությունները պետք է պարզաբանեն՝ ինչ են իրենք ցանկանում:

Արեւմուտքի ակտիվությունը պայմանավորված չէ Հայաստանի կամ Ադրբեջանի շահերը սպասարկելու ձգտմամբ, այլ Ռուսաստանի համար այլ ճակատներ բացելու փորձով՝ հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն ամենազգայուն հարցերից մեկն է Ռուսաստանի համար, որն իր ստորագրությունն է դրել նոյեմբերի 9-ի հայտարարության տակ:

Արեւմուտքի համար ավելի կաեւոր է ոչ թե բովանդակությունը (Ալիեւի, Փաշինյանի, Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին նախատեսված հանդիպումները՝ խմբ.), այլ Մոսկվայի համար նոր խնդիրներ ստեղծելու եւ տարածաշրջանում ընթացող գործընթացներից նրան դուրս բերելու փորձերը:  

Փաշինյանը փորձում է փոխել վարքագիծը մինչ ընտրությունները: Հայաստանի իշխանությունները, նոյեմբերի 9-ից հետո հայտարարելով խաղաղության դարաշրջանի մասին, Թուրքիայի եւ Ադրբեջանի յուրաքանչյուր քմահաճույք անվանում էին ընդունելի առաջարկ:

Սակայն այն բանից հետո, երբ Բաքուն սկսեց ավելի լուրջ պահանջներ առաջ քաշել, Երեւանը փորձում է փոխել վարքագիծը եւ բանակցություններից առաջ նոր նշաձողեր սահմանել, որպեսզի հնարավոր լինի սակարկել: Սակայն մի բան է հռետորաբանությունը, մի այլ բան՝ բանակցությունները: Հռետորաբանության փոփոխությունը ոչ մի առնչություն չի ունենլու բովանդակության հետ: Ադրբեջանը նույնպես փորձելու է ավելացնել ռեսուրսները՝ բանակցությունների սեղանին դնելով ուժի կիրառման կամ չկիրառման մասին հարցը»,- ընդգծել է փորձագետը»,- ընդգծել է փորձագետը: