Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում եմ։ UWC Dilijan միջազգային գիշերօթիկ դպրոցում սովորելն ինձ թույլ տվեց ծանոթանալ եւ անմիջականորեն շփվել այլ երկրների եւ ժողովուրդների, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի, կենցաղի հետ: Այս մասին ապրիլի 3-ին UWC Dilijan միջազգային գիշերօթիկ դպրոցի ուսանող-շրջանավարտների տեսողական արվեստի ամենամյա ցուցահանդեսում լրագրողների հետ զրույցում ասաց շրջանավարտներից մեկը՝ Ծագող արեւի երկրի ներկայացուցիչ Միսակի Մոտոհաշին։

Նման փոխազդեցությունը, ըստ երիտասարդ ուսանողուհու, էապես ընդլայնել է իր մտահորիզոնը, քանի որ Ճապոնիան բավականին պահպանողական երկիր է։

«Ես դարձա ավելի բաց եւ շփվող: Հատկապես մշակութային առումով։ Ինձ համար՝ որպես մարդու, սա շատ էական փոխակերպում է, եւ ես այն շատ դրական եմ համարում»,- ասել է Մոտոհաշին։

UWC Dilijan-ի շրջանավարտի աշխատանքները հիմնականում վերաբերում են Ճապոնիայում եւ մասնավորապես ճապոնական մշակույթում կանանց իրավունքներին ու տեղին: Այսպես, ամենաուշագրավ ու աչքի ընկնող «ցուցանմուշներից» էր ավանդական սպիտակ կիմոնոն, որը Մոտոհաշին իր հետ բերել է հեռավոր հայրենիքից։ Նա խնամքով պահպանել է այն՝ ներկայացնելով հաճելիորեն զարմացած հայ հասարակությանը։