Հայաստանում ընթանոմ է միանգամայն կանխատեսելի գործընթաց։ Գործող իշխանությունները հանձնում են Ղարաբաղը։ Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Ավելին,  փորձագետի կարծիքով, իշխանությունները պատրաստ են հանձնել ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանի Սյունիքի մարզը։ Այս ամբողջ գործընթացը, Ջամալյանի կարծիքով, քողարկվելու է հայրենասիրական հայտարարություններով եւ կոչերով։ «Գործող իշխանությունները՝ հանձին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սկզբունքորեն չեն փորձում թաքցնել լիածավալ պատերազմի վերսկսման սպառնալիքը։ Նրանց խոսքով՝ այդ սպառնալիքը մեծ է։ Նրանք ընդունում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հզոր հարված հասցնել։ Շատ լավ։ Բայց այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում. ինչպիսի՞ն պետք է լինի իշխանության՝ պետության շահերին միտված համարժեք եւ նորմալ արձագանքը ակտուալ արտաքին սպառնալիքներին։ Ի՞նչ պետք է անի նման դեպքերում պատասխանատու իշշխանությունը։ Արագ երկիրը պատրաստի պաշտպանության»,- ասել է Ջամալյանը։

Ռազմական փորձագետը նաեւ նշել է այն ջանքերի կարեւորությունը, որոնք պետք է ձեռնարկվեն դիվանագիտական դաշտում։ Դրանք նաեւ պետք է ուղղված լինեն վերոնշյալ սպառնալիքների վերացմանը։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է Դավիթ Ջամալյանը, ցանկացած դիվանագիտական ջանք ապարդյուն կլինի, եթե երկիրը եւ նրա քաղաքական ղեկավարությունը իրենցից ոչինչ չեն ներկայացնում։