«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ կայացած ընդդիմության հանրահավաքին եւ ընդգծել դրա երեք կարևոր ուղերձները:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին ուղերձն անկասկած ուղղված էր մեր արցախցի հայրենակիցներին։ Արցախում այժմ շատ անկումային տրամադրություններ են։ Արցախցին տեսավ, որ ինքը մենակ չէ, որ տասնյակ ու հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ աջակցում են իրեն իր արդար պայքարում։ Չէ՞ որ Արցախն առաջինն էր Խորհրդային Միությունում, որ պարզեց պայքարի դրոշն ու հաղթեց։ Արցախն ու հայ ժողովուրդը հաղթող էին 30 տարի շարունակ, մինչև եկավ Նիկոլը։ Նիկոլի օրոք առաջինները դարձան վերջինը, հաղթողները վերածվեցին պարտվողների, փոխարենը՝ անհայրենիքներն ու թերուսները եկան իշխանության, ու հիմա որոշում են մի ամբողջ ազգի ճակատագիր։

Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրացող չէ, որ հայ ժողովուրդը պատրաստ է հանուն իր գոյության ու արցախահայության կենաց ու մահու պայքարի։

Երրորդ ուղերձի հասցեատերը մեր տանը նստած հայրենակիցներն էին, որ վեր կենան տեղներից, միանան համազգային պայքարին, որ նորից համախմբվեն Արցախի ու Հայաստանի կենսական շահերի ու անվտանգության ապահովման, արժանապատիվ խաղաղության կերտման գաղափարների շուրջ, միաբանության դրոշը պարզեն ու դառնան հայոց վերածննդի ու վերելքի մասնակիցը»։