«5165 շարժում» կուսակցություն այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության  շենքի մոտ ակցիա է կազմակերպել: Ներկաների ձեռքին կային Հայաստանի եւ Արցախի դրոշներ եւ պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Ճանաչենք Արցախը», Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը», «Արցախի փրկություն, Հայաստանի անվտանգություն, ազգային արժանապատվություն», «Այսօր՝ Արցախը, վաղը՝ Զանգեզուրը, մյուսը՝ Երեւանը»:

Շարժման համահիմնադիրներից Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Արցախի միջազգային ճանաչման եւ ի ցույց բողոքի ՀՀ գործող իշխանությունների կողմից Արցախի հարցում իրականացվող ադրբեջանանպաստ քաղաքականության եւ դրա համատեքստում ընդդեմ այն հանդիպման, որն այսօր տեղի է ունենում Բրյուսելում:

«Մենք ուզում ենք ուղերձ դեպի Բրյուսել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավատերը Արցախի ժողովուրդն է եւ ոչ ոք, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից՝ ստորագրելու որեւէ փաստաթուղթ կամ անելու որեւէ հայտարարությունը, որը այս կամ այն կերպ կկանխորոշիԱրցախի՝ Ադրբեջանի մաս լինելը: Մենք ուզում ենք այս կարեւոր հարցի շուրջ ժողովրդի արթնացում ապահովել, արթնացնել, ոտքի հանել ժողովրդին, համախմբել այս օրակարգի շուրջ»,-ասաց Սողոմոնյանը:

Նա հիշեցրեց, որ երեկ ընդդիմության հանրահավաքում մի շարք պահանջներ են առաջ քաշվել, մասնավորապես, հաստատել, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորը Հայաստանն է եւ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը կխանգարի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրականացմանը. «Մենք այստեղ տեսնում ենք խորհրդարանի տիտղոսավոր ընդդիմության եւ մեր օրակարգերի միջեւ նմանություն: Կան որոշ նախաձեռնություններ, որոն օրակարգը եւս համապատասխանում է մեր օրակարգերին:

Հայաստանն ինչպես կարող է Արցախի անվտանգության երաշխավորը լինել առանց այն ճանաչելու: Հետեւապես այս տեսանկյունից եւս հաստատում ենք մեր պահանջը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ աշխատանքներ տանելու դրա ճանաչման ուղղությամբ: Երկրորդը, պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից հավատարիմ մնալ ֆորմատի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորություններին եւ Ադրբեջանին բերել կարգավորման դաշտ»,-հյայտարարեց նա՝ հավելելով, որ իշխանության կողմից իրենց պահանջներին որեւէ արձագանք չի եղել: