Թալին համայնքի ավագանին երեք ամիս ավագանու նիստեր չգումարելու ապրիլի վերջին կլուծարվի, կնշանակվի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, ամռանն էլ կանցկացվեն ավագանու նոր ընտրություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։

Ավագանու ընդդիմադիր խմբակցություններից երկուսը՝ «Զարթոնքը» եւ «Մեր համայնքը» նախօրեին՝ ապրիլի 5-ին, հայտարարել էին ավագանու նիստերին երեք ամիս անց մասնակցելու որոշման  մասին։

NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Թալին համայնքապետ Տավրոս Սափեյանը նշեց, որ ավագանու նոր նիստեր չեն գումարվի։

«Եթե մեր համայնքի մասին մտածում էիք, ամսիներ առաջ գայիք նիստի, հարգելի ընդդիմադիր։ Ես ավագանու նիստ չեմ հրավիրելու, համայնքն էլ պատրաստվում է նոր ընտրությունների, քանի որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարելու են։ Չորս ամիս հետո մեր հարգարժան ընդդիմադիրներն ուզում են մտածել Թալինի մասին։ Բա չորս ամիս դուք որտե՞ղ էիք»,- նշեց Սափեյանը։

Սափեյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցությունները մասնակցում են ավագանու նիստին ոչ թե համայնքի, այլ սեփական շահով առաջնորդվելով։

«Ընդդիմադիր ուժը տեսել է, որ նոր ընտրությունների է գնում «Քաղաքացիական պայմանագիրը» եւ ժողովրդի մեծ մասը, որպեսզի իրենց վերջնական նետեն պատմության աղբանոցը, դրա համար շտապում են մասնակցել նիստերին, որ չկորցնեն ավագանու մանդատները։ Ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ հանուն համայնքի, բայց այս պարագայում ընդդիմության քայլը ծիծաղելի է։ Իրենք ընդամենը ցանկանում են պահպանել իրենց մանդատները»,- ընդգծեց Սափեյանը։

Համայնքապետը «Քաղաքացիական պայմանագրի» շանսերը հնարավոր ընտրություններում բարձր է գնահատում․ «Նվազագույնը 60 % մենք կկարողանանք հավաքել»։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Մնացական Մնացականյանը նշեց, որ իրենց ավագանու նիստերին մասնակցելու նպատակը մեկն է՝ համայնքի խնդիրները։

«Մեր ընտրողներն ասում էին՝ ինչո՞ւ չեք գնում նիստի, մենք ձեզ ընտրել էինք, որ գնաք նիստի, համայնքի խնդիրները լուծեք։ Իշխանությունն էլ ասում էր նիստերը չեն կայանում ընդդիմության պատճառով։ Հիմա իրենց հնարավորություն է տրվում համայնքի խնդիրները լուծելու, թող իրենք որոշեն։ Մենք մեր մանդատները կորցնելուց չենք վախենում, նոր ընտրությունը չի նշանակում մանդատի կորուստ»,- ասաց Մնացականյանը։

Հավելենք, որ ապրիլի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ գումարված նիստում ընդունվեց ՏԻՄ օրենքում փոփոխություն կատարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Ըստ փոփոխության՝ եթե  օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ օրենքով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» կոալիցիա էին կազմել։

Ավագանու անդրանիկ  նիստում ՔՊ-ն առաջադրել էր Տավրոս Սափեյանի, ընդդիմադիր կոալիցիան «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը։ Տավրոս Սափեյանն  ստացել էր 11 կողմ ձայն, իսկ Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն: Սափեյանն ուներ 10 մանդատ, սակայն իր օգտին կողմ էր քվեարկել նաեւ «Հայք» խմբակցությունից Կարեն Գրիգորյանը, որը հետագայում հրաժարվել է մանդատից: Հետեւաբար, ՔՊ-ի 10 ձայնը բավարար չէր ավագանու նիստեր գումարելու համար: