Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով սննդամթերքի գների աճը մեծացնում է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի միլիոնավոր երեխաների թերսնման վտանգը։ Այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները խիստ տուժել են պատերազմներից եւ աղքատությունից, իսկ կորոնավիրուսը միայն սրել է իրավիճակը։

Ուկրաինան եւ Ռուսաստանը կազմում են ցորենի եւ գարու  համաշխարհային արտահանման մեկ երրորդը, ինչի վրա հույսը դնում են Մերձավոր Արեւելքի երկրները։ Նրանք նաեւ այլ հացահատիկային եւ արեւածաղկի ձեթի առաջատար արտահանողներն են։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է, որ եթե իրավիճակը շարունակվի, տարածաշրջանի երեխաները խիստ տուժելու են, հատկապես՝ Եգիպտոսում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում, Սիրիայում եւ Եմենում, երկրներ, որոնք պայքարում են հակամարտությունների եւ տնտեսական ծանր ճգնաժամի դեմ։

«Շարունակվող հակամարտությունների, քաղաքական անկայունության, COVID-19 համավարակի եւ ուկրաինական ճգնաժամի պայմաններում տարածաշրջանում նկատվում են սննդամթերքի գների աննախադեպ բարձրացում՝ զուգորդված ցածր գնողունակությամբ»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Ադել Հոդրը: Նա հավելել է, որ թերսնված երեխաների թիվը, ամենայն հավանականությամբ, կտրուկ կաճի: 

Միջին հաշվով գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխա թերաճ է կամ շատ փոքր է իր տարիքի համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ Ուկրաինայում պատերազմից ամենից շատ տուժել են Եմենը, Սուդանը, Լիբանանը եւ Սիրիան։