Տեղյակ եք, որ երեկ մինչեւ ուշ երեկո Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը. Հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը, երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ եւ շփումներ: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է ի մի բերվեն եւ բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության նախորդ նիստում ինքը բարձրաձայնել է հայկական կողմի նկատառումները. «Տեղյակ եք, որ մենք ընդգծել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը եւ մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ ողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաեւ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը:

Այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում եւ պետք է դառնան բանակցությունների առարկա: Իհարկե, ինչպես նախկինում, մենք էական ենք համարում այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը եւ պիտի շարունակենք  աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ բնականաբար քննարկում է եղել ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես,  Փառուխի դեպքերի շուրջ. «Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաեւ ասեմ, որ ինքս այս թեմայի քննարկումը պատեհ չհամարեցի  բրյուսելյան հարթակում, որովհետեւ խոսքն, այնուամենայնիվ, խոսքը Արցախում ռուսական խաղաղապահի առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, եւ այս հարցը ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք եւ կանենք:

Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ,  ըստ այդմ, մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրս բերումն ապահովելու համար:

Կարեւոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում եւ իրադարձությունների զարգացման թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գոծունեության գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում»,-հայտարարեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։  Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: