Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը պարզում է մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Այս մասին ապրիլի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ուժերի ներխուժման մասին հարցին։

«Միջադեպի հենց սկզբից, որը տեղի է ունեցել մարտի 24-ին, մենք հայտարարել ենք, որ մեր խաղաղապահ զորախումբը պարզում է բոլոր հանգամանքները։ Մենք այսօր այդ մասին խոսել ենք։ Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն, չէի ցանկանա առաջ ընկնել եւ որեւէ վերջնական դատողություն անել։ Համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ռուսական խաղաղապահ զորախմբին, եւ այդ զորախմբին «պատասխանատվության ենթարկելու», ինչ–որ ծառայողական քննություններ անցկացնելու վերաբերյալ երբեմն հնչեցվող կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքն այն ահռելի դերին, որն ունի ռուսական խաղաղապահ զորախումբն այս տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում։ Այո՛, ոչ մեծ միջադեպեր լինում են։ Եվ այդ կոնկրետ միջադեպը, եւս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր զինվորականների մասով, պարզում ենք։ Կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն»,- ասել է Լավրովը։