Միջազգային հանրությունը բաց տեքստով խոսում է աշխարհում միակ երկիրը լինելու վտանգի մասին, որը չի ճանաչում Թուրքիայի դաշնակցի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, ներկայացնելով կառավարության 2021թ. կատարողականի հաշվետվությունը, ապրիլի 13-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում է, որ պաշտոնական Երեւանի այդ դիրքորոշումը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է. մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում, եւ դուք կունենաք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա։ Հակառակ դեպքում նրանք խնդրում են իրենց վրա ոչ մի հույս չդնել։ Դա կապված է ոչ թե նրա հետ, որ նրանք չեն ցանկանում մեզ օգնել, այլ այն բանի հետ, որ նրանք պարզապես չեն կարող մեզ օգնել»,- պարզաբանել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ այսօր աշխարհում շատ քիչ են այն երկրները, որոնք գոհ են իրենց սահմաններով եւ արդար են համարում դրանք։ Հենց այդ պատճառով, ըստ վարչապետի, նա հարկադրված է ամեն անգամ կրկնել թեզն այն մասին, որ խաղաղության օրակարգը այլընտրանք չունի մեզ համար։