Մենք բազմիցս նշել ենք, որ զորքերի հայելային դուրսբերման առաջարկը երբեք նախապայման չի եղել։ Մենք միայն կարծում ենք, որ սահմանազատման նորմալ գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների նկատմամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ  կա, ինչը, ցավոք, չի կարելի ասել հայ-ադրբեջանական ներկայիս սահմանի մասին։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ընդդիմության քննադատությունները։

Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես, նրան մեղադրել են զորքերի հայելային դուրսբերման սեփական առաջարկից հրաժարվելու մեջ։

«Մեր մտահոգությունը, որ սահմանազատմանը զուգահեռ Ադրբեջանը ցանկանում է պահպանել ռազմական լարվածությունը Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ իր տարածքային պահանջները արդարացնելու եւ մեր երկրի դեմ նոր պահանջներ ձեւակերպելու համար, վերջապես ընդունվեց միջազգային հանրության կողմից։ Սակայն մենք արդեն հասել ենք այն վտանգավոր կետին, որտեղ զորքերի հայելային դուրսբերման առաջարկը կարող է սխալ ընկալվել։ Այդ առաջարկը կարող է որպես հերթական փակուղու ստեղծմանն ուղղված քաղաքականություն ընկալվել։ Այդ իսկ պատճառով, ինչպես ասացի մարտի 31-ի կառավարության նիստին, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեցինք, եւ այդ ճկունությունը մենք դրսեւորում ենք Բրյուսելում։ Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող անվտանգության իրավիճակին»,- ասաց Փաշինյանը։