Իսպանիայի իշխանությունները մինչեւ 100 մլն եվրո արժողությամբ կանեփի 415 000 բույս են  ոչնչացրել՝ Եվրոպայում կանեփի ամենամեծ պլանտացիայի ապամոնտաժման գործողության շրջանակներում, հայտնում է AP-ն։

Մոտ 50 տոննա բույսերը չորացնում էին պահեստում, որպեսզի վերածեն կաննաբիդիոլի, որը ոչ հոգեակտիվ միացություն է եւ ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում տագնապի, անքնության եւ այլ հիվանդությունների բուժման համար:

Պլանտացիան գտնվում է Նավարայի հյուսիսային գյուղական շրջանում՝ 67 հեկտար ընդհանուր մակերեսով 11 դաշտերի վրա, ասվում է քաղաքացիական գվարդիայի հայտարարության մեջ։

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ թեեւ կաննաբիդիոլի վաճառքն ու սպառումը օրինական է Իսպանիայում եւ Եվրոպայի մեծ մասում, իսպանական օրենքը դեռեւս արգելում է կանեփի աճեցումը ցանկացած նպատակով, բացի արդյունաբերականից, ինչպիսիք են տեքստիլի եւ սերմերի արտադրությունը։

Դեղերի համար կանեփ աճեցնելը մնում է քրեական հանցագործություն:

Գործողության արդյունքում, որը 2021թ․ կեսերին է սկսվել, երեք մարդ է ձերբակալվել։

Քաղաքացիական գվարդիան հայտարարել է, որ պլանտացիայի սեփականատերը սկզբում ֆերման ներկայացրել է որպես արդյունաբերական կանեփի օրինական արտադրության վայր, սակայն հետագայում պարզվել է, որ նա նախատեսում է մեծ քանակությամբ արտահանել Իտալիա եւ Շվեյցարիա՝ կաննաբիդիոլի վերածելու համար: