Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կատուները, որոնք ապրում են իրենց ցեղակիցների հետ, կարող են ճանաչել ոչ միայն իրենց, այլեւ այլ կատուների անուններ, գրում է Daily Mail-ը:

Մասնագետները նման եզրակացություն են արել 48 կատվի վարքն ուսումնասիրելու արդյունքում, որոնք բնակվելիս են եղել առնվազն երկու այլ ընտանի կենդանիների հետ կա՛մ ընտանիքում, կա՛մ կատուների կացարանում: Յուրաքանչյուր կենդանի լսել է, թե ինչպես է տերը կանչում կատվին, որի հետ իրենք ապրում են:

«Հավանական մեկնաբանություններից մեկը կապված է մրցակցության հետ: Կատուն կարող է ուտելիք ստանալ, երբ տերն իրեն է անունով կանչում, բայց ոչ այն ժամանակ, երբ այլ անուն է տալիս»,- ենթադրում են փորձագետները:

Այն փաստը, որ կենդանիները ճանաչում են, թե ինչպես են կանչում հենց իրենց «ընկերներին», այլ ոչ թե օտար կատուների, ապացուցվել է գիտափորձով: Գիտնականները գիտափորձի մասնակից կենդանիներին լուսանկարներ են ցույց տվել տարբեր կատուների պատկերներով. նրանցից 19-ն ավելի երկար են նայել լուսանկարներին, որոնցում պատկերված չի եղել այն կատուն, որի անունը տրվել է: Ենթադրվում է, որ այդ պահին նրանք լուսանկարում իրենց ծանոթ կատվին են փնտրելիս եղել:

Մեկ այլ փորձի ժամանակ կատուներին ցույց են տվել կա՛մ իրենց տիրոջ լուսանկարը, կա՛մ հենց իրենց եւ կանչել են անունով. 26 կատու ավելի երկար է նայել պատկերին, երբ անունն ու նկարը չեն համընկել:

Կիոտոյի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ արդյունքները ցույց են տալիս, որ կատուները գիտեն միմյանց անունները ու, հավանաբար, նաեւ իրենց տերերի անունները: