Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ այն բանից հետո, երբ իրավապաշտպան խումբը հայտնել է, որ նրա հեռախոսը եւ Կատալոնիայի անկախության մարտիկներին պատկանող տասնյակ հեռախոսներ վարակված են լրտեսող ծրագրերով, հայտնում է Reuters-ը։

Թվային իրավունքների պաշտպանության Citizen Lab խումբը պարզել է, որ ավելի քան 60 մարդ՝ կապված կատալոնական շարժման հետ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի մի քանի անդամներ, ինչպես նաեւ այլ քաղաքական գործիչներ, իրավաբաններ եւ ակտիվիստներ, դարձել են իսրայելական NSO Group-ի կողմից ստեղծված Pegasus լրտեսող ծրագրերի զոհը:

Citizen Lab-ի խոսքով՝ գրեթե բոլոր վարակները տեղի են ունեցել 2017-2020 թվականներին՝ Կատալոնիայի անկախության ձախողումից հետո, որի հետեւանքով Իսպանիան վերջին տարիների ամենավատ քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել:

Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը, սակայն նշել է, որ «ծանրակշիռ անուղղակի հանգամանքները վկայում են իսպանական իշխանությունների հետ կապի մասին»:

Citizen Lab-ն իր հետաքննությունը սկսել է 2020 թվականին այն բանից հետո, երբ WhatsApp-ի հետ աշխատող հետազոտողները կատալոնացի մի քանի օրենսդիրների, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Ռոջեր Տորենտին զգուշացրել են, որ նրանց հեռախոսները կոտրել են:

Այն ժամանակ ներքին գործերի նախարար Ֆերնանդո Մարլասկան հերքել էր Իսպանիայի կառավարության կամ նրա հետախուզական գործակալությունների հետ որեւէ առնչություն:

El Pais թերթը հայտնել է, որ իսպանական հետախուզական CNI գործակալությունը իսկապես հասանելիություն է ունեցել ծրագրակազմին: