Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իրեն վատ է զգացել սահմանի ապօրինի հատման գործով դատավարության ժամանակ, հայտնում է «Էխո Կավկազ»-ը։

«Ինձ բժշկի օգնություն է պետք»,- ասել է Սաակաշվիլին, ինչից հետո նրան ուղեկցել են դատարանի դահլիճից։

Քաղաքական գործիչը տասը րոպե անց վերադարձել եւ ասել է, որ իրեն անհանգստացնում է թուլությունն ու անքնությունը։

«Ես հազիվ եմ կարողանում ուտել։ Հավանաբար դա պայմանավորված է նրանով, որ կիրակի ես ամբողջովին կորցրել էի վերահսկողությունը ոտքերիս նկատմամբ»,- հավելել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց անմիջապես հետո հացադուլ էր հայտարարել եւ շարունակել այն 50 օր։ Նախկին նախագահը վերականգնողական կուրս է անցել Գորիի զինվորական հոսպիտալում, իսկ բանտ վերադառնալուց անմիջապես հետո կրկին դիմել էր բողոքի ծայրահեղ ձեւին՝ այս անգամ սովելով 20 օր: Սաակաշվիլիի ուղեկիցներն ու փաստաբանները կարծում են, որ նա պետք է բուժումն արտերկրում շարունակի։