Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ՍիվիլՆեթի տեղեկություններով, տապալվել է, և ընկերության վաճառքի հեռանկարը անորոշ է։ Պատճառը փետրվարի ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցները։

Հայաստանյան «Ջիէնսի-Ալֆա»-ն ռուսական «Ռոստելեկոմ»-ի դուստր ընկերություններից է։ «Ռոստելեկոմ»-ի մայր ընկերության հիմնական բաժնետերը ռուսական պետական գերատեսչություններ են, ներառյալ «ՎՏԲ» բանկը։

«Ջիէնսի-Ալֆա»-ի ձեռքբերման գործըթնացը սկսվել էր նոյեմբերից, ՍիվիլՆեթը գրել էր, որ ընկերության գնորդը Կիպրոսում գրանցված Molitro holdings limited ընկերությունն է, որի բաժնետերերից մեկը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է, իսկ մյուս բաժնետերը՝ Արման Ունանյանը, որը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների բիզնեսների հետ փոխկապակցված անձ է։ Խաչատրյանի որդիներն ու Կարապետյանը նաև ներգրավված են հեռահաղորդակցության մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի բաժնետերերի ցանկում։

«Ռոստելեկոմ»-ի նախագահ Միխայիլ Օսեևսկին հունվարին հայտարարել էր, որ «Ջիէնսի-Ալֆա»-ի նախնական գինը 25 միլիոն դոլար է։ Ընկերության գնորդները խոստացել էին առաջիկա հինգ տարիներին ներդնել 2,5 միլիարդ դրամ։

Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն էին տվել այս գործարքին։

Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ ընկերության վաճառքը չի կայացել։ «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի հետ է կապված»,- նշեց Ֆարամազյանը։ Վերջինիս խոսքով՝ ընկերության ներկա բաժնետերերը, նաև ընկերությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է իր բնականոն գործունեությունը։

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանի քաղաքներում ունի 92 տոկոս ներկայություն, տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր, 3 000-կիլոմետրանոց ցանց։

 Մանրամասները՝ ՍիվիլՆեթում։