Միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների կողմերը դիտարկում են դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Երկու կողմերն էլ՝ Իրանը եւ ԵՄ-ն, համոզված են, որ ժամանակ ձգելը երկխոսության շահերից չի բխում։ Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ նոր ուժ հաղորդել [բանակցություններին] դեմ առ դեմ հանդիպման միջոցով:- ասել է նա։- Դեռ որոշում չի կայացվել, թե երբ եւ ինչ մակարդակով կկայանա այս հանդիպումը, բայց այն օրակարգում է»։ Ընդ որում, դիվանագետը չի հստակեցրել, թե որ երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին է խոսքը։

Վիեննայում բանակցությունների ութ փուլից հետո իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանն իր սկզբնական ձեւով վերականգնելու եւ ԱՄՆ-ին այս բազմակողմ համաձայնագրին վերադարձնելու համար մարտի 11-ին  արտաքին գործոնների պատճառով դադար վերցվեց: Մինչ այդ Վիեննայի բանակցությունները մոտեցան իրենց ավարտին եւ պետք է ամփոփվեին մինչեւ փետրվարի վերջ։ Պայմանավորվածությունների տեքստը համաձայնեցված էր եւ մոտ 20 էջ էր պարունակում։ Դրանում խոսքը միջուկային համաձայնագրի՝ սկզբնական տեսքով իրագործմանը վերադառնալու հետագա միջոցառումների մասին է: