ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուս հայտնի լրագրողներից մեկի սպանությունը նախապատրաստող ահաբեկչական խմբավորման գործունեության կանխման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը ծրագրում էր ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի վրա հարձակումն ու սպանությունը»,- ասել է պետության ղեկավարը՝ երկուշաբթի ելույթ ունենալով Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին:

Նա ռուս լրագրողների սպանությունների նախապատրաստումն ահաբեկչություն է անվանել: Նախագահը նշել է, որ արտասահմանյան հատուկ ծառայությունների, այդ թվում՝ ԿՀՎ-ի կուրատորները, ըստ երեւույթին, խորհուրդներ են տալիս Կիեւին ռուս լրագրողների դեմ մահափորձերի վերաբերյալ։

Պուտինի հայտարարության հրապարակումից անմիջապես հետո Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարեց մի խումբ նեոնացիստների կալանավորման մասին, որոնք ՈւԱԾ-ի հրահանգով նախապատրաստում էին լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։

«Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ համատեղ ձերբակալել է Ռուսաստանում արգելված National Socialism/White Power նեոնացիստական ​​ահաբեկչական կազմակերպության մի խումբ անդամների՝ ՌԴ քաղաքացիների, ովքեր Ուկրաինայի Անվտանգության ծառայության հանձնարարականով ծրագրում էին հասարակական գործիչ, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը»,- նշել են ԱԴԾ-ից: Նրանք խոստովանական ցուցմունքներ են տալիս: