Իրանական կողմը ծանուցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ուրանի հարստացման համար ցենտրիֆուգները Քերեջում գտնվող օբյեկտից Նաթանզ տեղափոխելու մասին։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Սաբոտաժից հետո ցենտրիֆուգների՝ Քերեջից Նաթանզ անվտանգ վայր տեղափոխումն իրականացվել է ՄԱԳԱՏԷ-ի ծանուցմամբ»,- ասել է նա։ Դիվանագետի խոսքով, «Իրանի պարտավորություններին համաձայն, թույլատրվում է, խաղաղ շահերից ելնելով, ձեռնարկել ցանկացած քայլ [միջուկային ծրագրի զարգացման համար]՝ ՄԱԳԱՏԷ-ի ծանուցմամբ եւ վերահսկողությամբ»։

Ապրիլի 14-ին Reuters-ը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, հայտնել էր, որ Իրանը Նաթանզում ցենտրիֆուգների մասերի արտադրության նոր գործարան է գործարկել: Նշվում էր, որ իրանական կողմը համապատասխան տեխնիկան տեղափոխել էր Քերեջ քաղաքում գտնվող իր փակ օբյեկտից։

2021 թվականի հունիսին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության՝ Քարաջում գտնվող օբյեկտում միջադեպ էր տեղի ունեցել, որը Իրանի իշխանությունները որպես դիվերսիայի փորձ էին որակել։