Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն, տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

«Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»: Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ։

Նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ»,– ասվում է տարածված հաղորդագրությունում: