Երեքշաբթի Հասեկեի եւ Դեյր էզ Զորի սահմանի մոտ գտնվող գյուղում ականի պայթյունից վնասվել են «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) քրդական կազմավորումների մի քանի մարտիկներ։ Այս մասին տեղեկացրել է SANA գործակալությունը՝ հղում կատարելով ականատեսներին։

Պայթուցիկ սարքը տեղադրել էին ահաբեկիչները ճամփեզրին, որով անցնում էր քրդերի եւ Սիրիայի արեւելքում տեղակայված ամերիկյան զինծառայողների համատեղ պարեկախումբը։ Պայթյունից հետո պարեկների վրա զինված հարձակում տեղի չի ունեցել։

Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ վիրավորվել են նաեւ ամերիկացի զինծառայողներ, որոնց թիվը չի նշվում։ ԱՄՆ գլխավորած արեւմտյան կոալիցիայի կողմից մեկնաբանություններ չեն հնչել։ Ամերիկյան պարեկախմբերին Հասեկեում եւ Դեյր էզ Զորում, որտեղ ԱՄՆ ինը ռազմակայան կա, որպես կանոն, ուղեկցում են ԴՍՈւ-ի մարտիկները։

Մարտի 7-ին գնդակոծվել էր  ամերիկյան զինծառայողների ճամբարը Դեյր էզ Զորի Օմար նավթավայրի մոտ։ Հնարավոր կորուստների եւ նյութական վնասի մասին տեղեկություններ չեն հայտնել։ Հունվարի սկզբից ամերիկյան ուժերը Սիրիայի արեւելքում գնդակոծվել են առնվազն հինգ անգամ։