«Հայկական Ֆիլմ Ֆորում»-ը տարեկան միջոցառում է, որի ընթացքում ցուցադրվում են նախորդ տարիներին կինոթատրոնների էկրաններ բարձրացած հայկական արտադրության կամ համարտադրության ֆիլմերը, քննարկվում են հայկական կինոլորտի արդիական հարցեր։

«Հայկական Ֆիլմ Ֆորումն» առաջին անգամ անցկացվել է 2019 թվականին։ Այս անգամ ֆորումը տեղի կունենա մայիսի 7-14-ը։ Ցուցադրվելու են 2019, 2020, 2021 թվականներին կինոէկրաններ բարձրացած Հայաստանի արտադրության կամ համարտադրության մոտ 20 լիամետրաժ ֆիլմ:

Ցուցադրությունները տեղի են ունենալու Երևանում` «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմերի ցուցադրությունները տեղի են ունենալու մայիսի 7-13-ը, իսկ մայիսի 14-ին ՀԲԸՄ երևանյան գրասենյակի դահլիճում տեղի կունենա քննարկումների շարք, որի ընթացքում կխոսվի հայկական կինոոլորտին առնընչվող արդիական խնդիրների մասին։ Բանախոսները լինելու են ոլորտը ներկայացնող մասնագետները։ Նպատակը ազատ միջավայրի ստեղծումն է, որի շնորհիվ հնարավորություն է տրվելու ներկայացնել ոլորտում առկա բացթողնումները, փորձել գտնել լուծումներ, ինչպես նաև խոսել նախորդ տարիների ձեռքբերումների մասին։

Այս տարի առաջին անգամ անցկացվելու է ֆորումի ընթացքում ցուցադրված ֆիլմերի վերաբերյալ գրախոսականների մրցույթ։ Լինելու է խրախուսական մրցանակ։

«Հայկական Ֆիլմ Ֆորում» 2022-ը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի միջոցով, «Մոսկվա» կինոթատրոնի, ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի և «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի հետ համագործակցությամբ։