Սաուդյան Արաբիան եւ Ֆրանսիան հայտարարել են Լիբանանի համար նախատեսված 66 միլիոն եվրոյի լրացուցիչ տնտեսական օգնության մասին, հաղորդում է Saudi Press Agency-ն:

Սալման թագավորի Մարդասիրական օգնության եւ մարդասիրական գործողությունների կենտրոնը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը եւ Զարգացման ֆրանսիական գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի համաձայն Էր Ռիադը 36 միլիոն եվրո կտրամադրի Լիբանանի կառավարությանը։ Հատկացված միջոցները կուղղվեն պարենային ապրանքների ձեռքբերմանը եւ աջակցությանն առողջապահական համակարգին, հայտնում է գործակալությունը։

Փարիզը, իր հերթին, 30 մլն եվրո կհատկացնի Լիբանանին մարդասիրական ծրագրերի զարգացման համար, ասվում է Բեյրութում Ֆրանսիայի դեսպանատան թվիթերյան էջին։

2019 թվականից Լիբանանը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, որն ուղեկցվում է ազգային արժույթի արժեզրկմամբ, սննդամթերքի, վառելիքի եւ դեղորայքի պակասով։ Միաժամանակ շատ երկրներ վախենում են էական օգնություն ցույց տալ Բեյրութին՝ բացասաբար գնահատելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը տնտեսական ճգնաժամի ֆոնին։