Երևանում վերսկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները։ Քաղաքացիները տարբեր փողոցներ են փակում։ Ոստիկանները փորձում են, շատ դեպքերում բռնի ուժ գործադրելով, հեռացնել քաղաքացիներին ճանապարհի երթևեկելի մասից։

Անհնազանդության ակցիաների մասնակիցները վանկարկում են՝ «առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճան, հեռացիր»:

Կոմիտասի պողոտայում կարմիրբերետավորները 5 րոպե ժամանակ տվեցին անհնազանդության ակցիա իրականացնողներին, որպեսզի ազատեն պողոտան: Այստեղ էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: 5 րոպե անց ոստիկանները սկսեցին ուժով եւ հրելով ազատել ճանապարհը: Ճանապարհն ազատվեց:

Սակայն այլ վայրերում ակցիաները շարունակվում են, փակ է Բաղրամյան պողոտան, Խանջյան փողոցը: Բաղրամյան պողոտայում ոստիկանները ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր փակելու են նաև մարզային ճանապարհները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:

Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

Նշենք նաև, որ երեկ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր: