«Մարտի 1»-ի քրեական գործում երկու ուղղություն կա, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում։ Այս մասին մայիսի 4-ին Ազգային ժողովի նիստում ասել է հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին։

Դրանցից մեկը, ինչպես նշել է գլխավոր դատախազը,  այժմ դատարանում գտնվող քրեական գործն է այն անձանց դեմ, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը խախտելու մեջ։ Մյուսը՝ հետաքննվող քրեական գործի այլ հանգամանքներն են, այդ թվում եւ սպանությունների բացահայտումը։ «Քրեական գործի մասին, որն այժմ գտնվում է դատարանում, մենք շատ ենք խոսել։ Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ Վճռաբեկ դատարանը վերջերս բավարարել է իմ ներկայացրած բողոքը, որում մատնանշվել էր առաջին ատյանի դատարանի որոշումը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործով անցնող այլ անձանց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Մենք դիմել էինք Վճռաբեկ դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանի միջնորդությամբ ստանանք բացատրություն, որը կհամապատասխաներ Քրեակատարողական օրենսգրքի 309 հոդվածին։ Այն, իր հերթին, պետք է համապատասխանի Սահմանադրությանը։ Դա մեզ թույլ կտա փոխել մեղադրանքը եւ շարունակել դատաքննությունը»,- նշել է Դավթյանը։

Հիշեցնենք, որ սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր իբր «Մարտի 1»-ի գործի բացահայտման մասին, հետո պնդում էր միայն գործի «բացահայտման ֆոնի» մասին։ Մինչեւ այժմ չեն պարզվել 8 ցուցարարներից եւ ներքին զորքերի 2 ծառայողներից ոչ մեկի զոհվելու հանգամանքները։