Հոկտեմբերի 27-ի գործով դեռ շատ բան կա անելու ինչպես քննչական գործողությունների, այնպես էլ օպերատիվ-քննչական միջոցների առումով։ Այս մասին մայիսի 4-ին Ազգային ժողովում, ներկայացնելով գլխավոր դատախազության 2021թ. գործունեության հաշվետվությունը, ասել է գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը՝ պատասխանելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին։

Դավթյանի խոսքով՝ գլխավոր դատախազությունը հրապարակայնորեն հանդես է եկել հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ։ Պատգամավորներն այդ մասին տեղեկացված են։ «Իմ որոշմամբ այս քրեական գործի կազմակերպիչների դատավճիռը չեղարկվել է, եւ նորից սկսվել է նախաքննություն։ Քրեական գործի վերաբերյալ դեռ շատ բան կա անելու  ինչպես քննչական գործողությունների, այնպես էլ օպերատիվ-քննչական միջոցների առումով։ Կարող եմ վստահաբար ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցներն օգտագործվել են անհրաժեշտ պահին։ Դրանք կիրառվում են նշյալ քրեական գործը բացահայտելու եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր Ազգային ժողովի շենք եւ դիմահար գնդակահարել խորհրդարանի, ինչպես նաեւ կառավարության՝ այնտեղ գտնվող ղեկավարներին եւ անդամներին։ Դրա հետեւանքով հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը տեղում մահացել էին։ Նրանց հետ միասին զոհվել էր եւս 6 մարդ։