Մոտ 13,8 միլիարդ տարվա շարունակական ընդլայնումից հետո տիեզերքը կարող է դանդաղորեն սեղմվել, եւ դա տեղի կունենա շուտով, հայտնել են ամերիկացի հետազոտողները: Նրանք նման եզրակացություն են արել այն բանից հետո, երբ փորձել են մոդելավորել մութ էներգիայի բնույթը՝ էներգիայի հիպոթետիկ ձեւ, որը ստիպում է տիեզերքին ավելի արագ ընդլայնվել, գրում է Knife-ը։

Ստացված մոդելի համաձայն՝ տիեզերքի ընդլայնումը կարող է ավարտվել 65 միլիոն տարի հետո։ Հաջորդ 100 միլիոն տարվա ընթացքում սեղման դարաշրջան կլինի, որը կտեւի միլիարդավոր տարիներ: Թե ինչ հետեւանքներ դա կունենա, հայտնի չէ։

«Տիեզերական մասշտաբով 65 միլիոն տարին զարմանալիորեն փոքր է»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Փոլ Սթեյնհարդթը։ Նա հիշեցրել է, որ գրեթե նույնքան տարի է անցել դինոզավրերի վերացման պահից։

Գիտնականներն ընդգծում են, որ առայժմ իրենց եզրակացությունները միայն տեսություն են, քանի որ տիեզերքում մութ էներգիայի բնույթը դեռեւս առեղծված է հետազոտողների համար: