Apple-ը, Google-ը եւ Microsoft-ը հայտարարել են առանց գաղտնաբառի ավտորիզացման միասնական ստանդարտի ներդրմանն աջակցելու իրենց մտադրության մասին: Համապատասխան տեղեկատվությունը հինգշաբթի հայտնվել է FIDO Alliance-ի (Fast IDentity Only) կայքում, որը զբաղվում է հայտարարված տեխնոլոգիայի մշակմամբ:

«Ինտերնետի անվտանգության ու օգտվելու հարմարավետության բարելավման համատեղ ջանքերի շրջանակներում Apple-ը, Google-ը եւ Microsoft-ը հայտարարում են, որ իրենք աջակցում են FIDO Alliance-ի եւ World Wide Web Consortium-ի կողմից մշակված առանց գաղտնաբառի միասնական ստանդարտի ներդրմանը: Նոր մեխանիզմը թույլ կտա կայքերին եւ հավելվածներին հուսալի, անվտանգ եւ պարզ գաղտնաբառ  օգտագործել օգտատիրոջ ցանկացած սարք եւ հարթակ մուտք գործելու համար»,- ասվում է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները նշում են, որ առանց գաղտնաբառի ավտորիզացումը կիրականացվի մատնահետքը ստուգելու, դեմքի սկանավորման կամ փին կոդի մուտքագրման միջոցով։ Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ գաղտնաբառի օգտագործումը համացանցի անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկն է: Բացի այդ, օգտատերերը հակված են օգտագործել նույն գաղտնաբառերի կոմբինացիաները տարբեր սերվիսներում, քանի որ շատ տարբեր կոդերի օգտագործումը ծանրաբեռնում է առօրյա կյանքը: Արդյունքում էջ մուտք գործելու հնարավորության կորստի, տվյալների արտահոսքի եւ նույնիսկ անձնական տեղեկատվության գողության վտանգ է առաջանում:

Մշակողները բացատրում են, որ մուտքի հատուկ բանալու (passkey) ներդրումը թույլ կտա օգտատերերին մուտք գործել իրենց էջեր ցանկացած տեսակի սարքից։

«Apple-ը, Google-ը եւ Microsoft-ն արդեն օգտագործում են FIDO Alliance տեխնոլոգիաները միլիարդավոր սարքերից առանց գաղտնաբառ մուտք գործելու համար: Սակայն նախկինում օգտատերը պետք է անցներ յուրաքանչյուր կայքի կամ հավելվածի թույլտվության ընթացակարգը ցանկացած անձնական գաջեթից: Մեր նոր մշակումն առանց գաղտնաբառի մուտքն ավելի հարմարավետ եւ անվտանգ կդարձնի»,- ասված է հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ նոր տեխնոլոգիան հասանելի կդառնա հաջորդ տարվա ընթացքում: