Չնայած մի քանի միջնորդություններ էին ներկայացվել, այդ թվում խափանման միջոցը փոխելու մասին, բայց դատավոր Աննա Դանիբեկյանը, անտեսելով պաշտպանության կարծիքը, խոսքը տվեց դատախազներին։

Արմեն Գեւորգյանի փաստաբանը հինգ րոպե ընդմիջում խնդրեց՝ խորհրդակցության համար։ Դատախազներն անմիջապես դեմ արտահայտվեցին։ Փաստաբանը ստիպված էր հիշեցնել, որ խոսքն իր պաշտպանյալի՝ ԵԽԽՎ-ի պատգամավորի անձեռնմխելիության մասին է։ «Ո՞ւր եք շտապում։ Չի կարելի ոտնահարել բոլոր օրենքները հանուն այն բանի, որպեսզի որքան հնարավոր է շուտ հրապարակեք «ապացույցները»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ մերժումը նշանակում է պաշտպանության իրավունքների խախտում։

Դատավորը հրաժարվեց ընդմիջում տրամադրել՝ հայտարարելով, որ նրանք կարող են խորհրդակցել տեղում։

Սա առաջ բերեց մյուս փաստաբանների վրդովմունքը։ «Ես չեմ կարող շարունակել, եւ անգամ չեմ բացատրի, թե ինչու։ Այդպիսի անհրաժեշտություն կա»,- ասաց Հայկ Ալումյանը։

Արմեն Գեւորգյանը փորձեց հայտարարություն անել, ինչը նույնպես դատարանը թույլ չտվեց։

Արդյունքում երեք փաստաբանները՝ Լուսինե Սահակյանը, Հայկ Ալումյանը եւ Հովհաննես Խուդոյանը, դուրս եկան՝ չնայած դատավորի զայրույթին։ «Եթե մեկ րոպեից չվերադառնաք, նիստը կտեղափոխվի»,- նախազգուշացրեց դատավորը։

Ռոբերտ Քոչարյանը փորձեց համոզել դատավորին՝ նշելով, որ մեկ-երկու րոպեն բան չի որոշում։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն իրեն բնորոշ տոնով պնդեց, որ փաստաբանների գործողություններն ուղղված են նիստը խափանելուն։

Արմեն Գեւորգյանը, փաստաբանների բացակայությամբ, փորձեց պարզել, թե մինչեւ երբ է շարունակվելու հակասությունը որպես ԵԽԽՎ-ի պատգամավոր իր անձեռնմխելիության եւ դատավորի գործողությունների միջեւ, որոնք խախտում են հենց այդ անձեռնմխելիությունը։ Ներկա պահին այդ հարցը չի քննարկվում, պատասխանեց դատավորը։ Գեւորգյանը հիշեցրեց դատավորի գործողությունների անօրինականության մասին, արդյունքում՝ դատավորն առհասարակ արգելեց նրան խոսել։

Դատախազը, այնուամենայնիվ, սկսեց ընթերցել ապացույցները։ Փաստաբան Հայկ Ալումյանն անհապաղ խնդրեց փակ նիստ անցկացնել, որպեսզի կարողանա ներկայացնել համապատասխան միջնորդություն։ Քանի որ փակ նիստի անցկացման հարցը քննարկվում է փակ ռեժիմով, դատավորը խնդրեց բոլոր կողմնակի անձանց հեռանալ նիստերի դահլիճից։