Մինչեւ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության համապարփակ կարգավորումը, իսկ դա 10 կամ նույնիսկ 20 տարվա գործ չէ, ռուս խաղաղապահները կմնան տարածաշրջանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը միշտ էլ վառ ընդգծված դիրքորոշում է ունեցել թե՛ արցախահայության, թե՛ Ռուսաստանի նկատմամբ։

«Նրանք հասկանում են, որ ռուս խաղաղապահները կարեւոր գործառույթ եւ առաքելություն են կատարում տարածաշրջանում։ Քանի դեռ կա ռուսական խաղաղապահ առաքելություն, այնքան ժամանակ կա Արցախը: Սակայն Ադրբեջանի համար Արցախի կլանումը գերխնդիր է։ Ինչպե՞ս դա անել: Այս ծրագրի իրականացման ամենակարճ ճանապարհն այստեղ ռուս խաղաղապահների բացակայությունն է։ Դրանից հետո կլինի նոր պատերազմ, արյունահեղություն, ցեղասպանություն, սպանդ։ Այս կապակցությամբ մենք միշտ բարձր ենք գնահատել ռուսական խաղաղապահ առաքելության դերը։ Համարում ենք, որ այս առաքելությունը կշարունակի անել ամեն ինչ՝ կայունության ու խաղաղության պահպանման համար։ Ավելին, Ռուսաստանը նաեւ պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»,- նշել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ասել էր, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ղարաբաղում։