Հայաստանն ամեն ինչ անում է, որ «Հյուսիս–հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրագործվի և հույս ունի միջանցքի հարավային մասն ավարտել մինչեւ տարեվերջ, այս մասին այսօր Իրան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մհեր Գրիգորյանը։

«Ծրագիրը տարածաշրջանային նշանակություն ունի, կարևոր է, իհարկե, Հայաստանի էներգետիկ համակարգի համար, դա շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համար, որովհետև գիտեք, որ մենք «սվոփ» գործարք ենք իրականացնում Իրանի հետ։ Նաև շատ կարևոր է տարածարջանային էներգետիկ տրանզիտի համար։ Դրան զուգահեռ տեղի է ունենում ԵԱՏՄ միասնական կանոնների իմպլեմենտացիա, ինչը նշանակում է, որ դա մի շատ կարևոր ենթակառուցվածք է, որը նաև Իրանին հնարավորություն է տալիս մեր միջոցով միանալ այդ միասնական շուկային»,– ասաց նա։

Փոխվարչապետը նշեց, որ ծրագրի հարավային հատվածի մասին քննարկում են ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանի հետ, որովհետև շինարարության մեջ ներգրավված է իրանական կազմակերպություն։ «Մենք մտքեր փոխանակեցինք, և հույս ունենք, որ հարավային մասը մինչև տարեվերջ կավարտենք։ Ընդորում՝ որքան ես եմ տիրապետում տեխնիկական բնութագրերին, դա ամենաբարդ մասն է լինելու։ Իսկ հյուսիսային մասը՝ դեպի Վրաստան, կարծում եմ՝ նույնպես ծրագրից առնվազն չենք շեղվել այս պահին և հուսով եմ, որ կավարտենք»,– ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ինչու է ծրագիրն այսքան հետաձգվել, Մհեր Գրիգորյանն ասաց, որ պատճառը հիմնականում այն է, որ մրցութային գործընթացները բավական երկար են տևում, մրցույթներ կան, որոնք երեք անգամ չեն կայացել։ «Չեմ ուզում հիմա հստակ պատճառներ ասել, բայց, այնուամենայնիվ, քանի որ ծրագրերը շատ մեծ են, խոշոր են իրենց ֆինանսական բաղադրիչով, մենք ձգտում ենք, որպեսզի մրցութային բծախնդրությունն ու լայն մասնակցությունը մաքսիմալ ապահովված լինի»։