Էսսենի (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային երկրամաս) ոստիկանության աշխատակիցները Գերմանիայի արեւմուտքի դպրոցներից մեկում կանխել են հնարավոր ահաբեկչական գործողությունը, տեղեկացրել է Bild թերթը։

Թերթի տեղեկատվությամբ՝ ժամը 04.20-ին զինված հատուկջոկատայինները մտել են Դոն Բոսկոյի դպրոցի (որտեղ մոտ 800 աշակերտ է սովորում) 16-ամյա աշակերտի բնակարան։ Պատանու՝ դպրոցից ընդամենը 800 մետր հեռու գտնվող բնակարանում իրավապահները հայտնաբերել են ավելի քան 10 ինքնաշեն ռումբ, այդ թվում՝ մեխերով լիցքավորված վտանգավոր ռումբ։ Սարքի պայթյունի դեպքում, ինչպես գրել է պարբերականը, բեկորներից կարող էին մարդիկ զոհվել։ Քննիչները հայտնաբերել են նաեւ մի քանի արբալետներ եւ ինքնաշեն զենք։

Ոստիկանությունը գտել է հնարավոր հանցագործի հետքը նրա համադասարանցու միջոցով։ Հինգշաբթի առավոտյան դպրոցը շրջափակված էր իրավապահ մարմինների աշխատակիցներով, նրանք փորձում են բացառել, որ կասկածյալը կարող էր դպրոցում արդեն պայթուցիկ սարք տեղադրած լինել։

Իրավապահների տվյալներով՝ ոստիկանական գործողություն է կատարվելու նաեւ մոտ գտնվող Բորբեկ ամրոցի դպրոցում։ Երկու ուսումնական հաստատություններն ամբողջ օրը փակ են լինելու։ Կասկածվող դեռահասի բնակարանում հանցանշանների որոնման լրացուցիչ աշխատանքներ են կատարվում, իսկ նրան հարցաքննում են ոստիկանության բաժանմունքում։