Իտալիայի ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառությանը մասնակցության մեղադրանքով, փոխանցում է ANSA լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Միլանի դատախազության հետաքննության շրջանակներում ոստիկանական գործողություններ են իրականացվել նաեւ Իսպանիայում, Լիտվայում եւ Նիդեռլանդներում։ Այդ երկրներում իրավապահները ձերբակալել են 31 մարդու։ Նշվում է, որ ոստիկանությունն Ամստերդամում ժամանակակից արվեստի պատկերասրահ է գտել, որի միջոցով թմրանյութերի վաճառքից ստացված փողերի լվացում է իրականացվել:

Պատկերասրահի սեփականատերերն ապօրինի եկամուտներով արվեստի գործեր են ձեռք բերել եւ թաքցրել են դրանց իրական արժեքը, հայտնում է ANSA-ն:

Հաղորդվում է, որ իտալական հետաքննությանն աջակցել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջազգային վարչությունները ու գործակալությունները: Կապ է հայտնաբերվել թմրավաճառների միլանյան խմբի եւ հարավամերիկյան կարտելների միջեւ: