Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների գագաթաժողովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Մասնակիցները կհանդիպեն եւ կզրուցեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մայիսի 16-ին ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովը։ Դա կլինի եւ՛ առաջնորդների հանդիպում, եւ՛ նրանց առանձին շփում։ Ինչպես ակնկալվում է, միջոցառման արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվություն կտրամադրեն լրագրողներին»,-ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Հայաստանն այժմ կազմակերպության նախագահող երկիրն է։