Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները մայիսի 16-17-ը հանդիպում կանցկացնեն Մոսկվայում։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման եւ սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծման հարցի շուրջ։ Եւ, կարծես թե, պայմանավորվածություն կա ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, որ մայիսի 16-17-ը պատրաստվում են հանդիպել Մոսկվայում հաղորդակցությունների մասով, եւ կա նաեւ պայմանավորվածություն, որ նույն օրերին Մոսկվայում նաեւ երկկողմ հանդիպում կկազմակերպվի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցով»,- ասել է Միրզոյանը։

«Մեր շփումների ինտենսիվությունը հաստատում է ռուս-հայկական հարաբերությունների մակարդակը, ինչը հատկապես կարեւոր է դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակի տարում։ Անկասկած, նշանակալից իրադարձություն էր Հայաստանի վարչապետ Ն. Վ. Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում ինտենսիվ բանակցություններ ընթացան Ռուսաստանի ղեկավարության հետ։ Ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մշակման փուլում են»,- իր հերթին ասել է Լավրովը։

«Մենք՝ որպես արտաքին գործերի նախարարություն, արտաքին քաղաքական աջակցություն կապահովենք բոլոր այն գործողությունների համար, որոնք պետք է ձեռնարկեն մեր ոլորտային գերատեսչությունները։

Այսօր Երեւանում է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ա. Լ. Օվերչուկը։ Սա նույնպես կարեւոր ձեւաչափ է, որն ինտենսիվ աշխատում է եւ լավ գործնական արդյունքների է հասնում։ Մենք կցանկանայինք այս տարի մարզային եւ երիտասարդական ֆորումներ անցկացնել։

Հանդիպումից անմիջապես հետո մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ կկայանա հերթական եռակողմ շփումը, որի ընթացքում կքննարկենք եռակողմ հայտարարությունների շրջանակում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքը, որոնց արդյունքներով ստեղծվել են համապատասխան աշխատանքային մեխանիզմներ՝ մեր ղեկավարների կողմից համաձայնեցվածը իրականացնելու համար»։