Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը։ Այս մասին Երեւանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն Իրանին բարեկամ երկու երկրներին ստիպում են արագացնել նախատեսված բոլոր աշխատանքների եւ ծրագրերի իրականացումը՝ վերջին 30 տարիների ընթացքում բաց թողնված ժամանակը լրացնելու համար: Նրա խոսքով՝ չի կարելի հապաղել, պետք է արագացնել։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը։ Պատկերացրեք ապրանքաշրջանառության ծավալը, որը կապահովի Հնդկական ծով-Սեւ ծով եւ ԵՄ միջանցքը։ Այդ ճանապարհին երկու կարեւոր երկիր կա՝ Հայաստանն ու Իրանը»,ասաց դեսպանը։

Նա նշեց, որ, բարեբախտաբար, այս ոլորտում համագործակցությունն առկա է Երեւանի եւ Թեհրանի օրակարգում։

Թեհրանը, ըստ Զոհուրիի, մտածում է նաեւ այլընտրանքային ճանապարհների մասին, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով։ Հաղորդակցության եւ տարանցիկ ուղիների բազմազանությունը թույլ կտա առավելագույնս ապահովել Հայաստանի եւ Իրանի շահերը, նշեց նա:

Դիվանագետն  անդրադարձավ նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացմանը: Նրա խոսքով՝ Իրանը կարող է Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ լինել։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքաշրջանառության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան դրա ներուժը։