Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկություններին, որ իր կինն ու երեխաները Հայաստանի քաղաքացիներ չեն` այդպիսով ներկայացնելով մի շարք ուշագրավ տվյալներ իր եւ իր ընտանիքի անձնական կյանքից: Ըստ այդմ, Տիգրան Սարգսյանի ընտանիքի բոլոր անդամները` կինը եւ երեք երեխաները, ունեն ՀՀ քաղաքացիություն:

«Այլ կերպ լինել չէր էլ կարող: Մեր օրենսդրության համաձայն երեխան, ում ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանի դուստրը ծնվել է 1985թ. Երեւանում: Հետագայում երկար տարիներ բնակվել է Իսպանիայում, որտեղ նրա կինը ռուսաց լեզու էր դասավանդում իսպանական առաջատար համալսարաններից մեկում: Կնոջ աշխատանքային պայմանագրի ավարտից հետո նրանք վերադարձել են Երեւան: Աղջիկը սովորել է հայկական դպրոցում, ամուսնացել է, ամուսնու հետ երեք տարի ապրել է Մոսկվայում, որտեղ ամուսինը սովորում էր ասպիրանտուրայում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո նրանք մշտական բնակության վերադարձան Երեւան: Երկու տարի առաջ վարչապետին թոռնուհի են նվիրել: Նրա որդիները` Աբգարն ու Մարկոսը ծնվել են Իսպանիայում: Հայաստան վերադառնալուց հետո Աբգարը Երեւանում դպրոց է գնում, իսկ Մարկոսը հաճախում է մանկապարտեզ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատմել է նաեւ, թե ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ: Նրանք ծանոթացել են Լենինգրադում, որտեղ սովորում էին, ինքը`  Ն. Ա. Վոզնեսենսկիի անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, իսկ կինը` Գոհարը` Պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը, այնտեղ սովորելով յոթ տարի, սկզբում ավարտել է  ինստիտուտը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Իսկ  թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին վերադարձել Երեւան եւ միացել կնոջը (ով վերադարձել էր 1985-ին) եւ ծնողներին:

«Ճակատագիրը ու հանգամանքները մեզ ուղղորդում են աշխարհի տարբեր ծայրեր, աշխատելու կամ սովորելու, սակայն, համոզված եմ, բոլորիս ցանկությունը նույնն է, որ համայն հայության կենտրոն Հայաստանը մնա մեր ազգի ձգողության ամենաամուր բեւեռը»,- նշել է վարչապետը:

Նրա կինն այսօր Հայաստանում զբաղվում է երեխաներով, որպեսզի, նրա խոսքով, որդիները ստանան հայեցի դաստիարակություն, հաճախեն հայկական դպրոց: «Հուսով եմ, ընտանիքիս եւ նման բազում ընտանիքների օրինակը տվեց ձեր հարցի պատասխանը: Վերադարձե՛ք»,- կոչ է արել վարչապետը ուկրաինաբնակ Քնարիկ Արզումանյանին, ով խնդրել էր մեկնաբանել վարչապետի ընտանիքի անդամների քաղաքացիության մասին տեղեկությունները:

Նշենք, որ Քնարիկ Արզումանյանը իր հարցում նշել էր, որ այս տեղեկության վերաբերյալ վարչապետի պարզաբանումից շատ բան է կախված իր, ընտանիքի եւ հարազատներից շատերի հետագա քայլերի՝ Հայաստան վերադառնալ չվերադառնալու, Հայաստանը որպես համայն հայության կենտրոն դիտարկելու եւ այլ առումներով: