Կատարի էմիրը մեղադրել է Իսրայելին օկուպացված Արեւմտյան ափին իսրայելական բանակի գրոհի ժամանակ Al Jazeera-ի լրագրող Շիրին Աբու Աքլեի սպանության մեջ, հայտնում է AFP-ն։

Աբու Աքլեն «սպանվել է իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից», հայտարարել է շեյխ Թամիմ բեն Համադ Ալ-Թանին՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք այս զազրելի հանցագործության մեղավորներին»,- հավելել է Կատարի առաջնորդը։

Պաղեստինյան ծագումով 51-ամյա ամերիկուհի Աբու Աքլեն սպանվել էր չորեքշաբթի օրը՝ իսրայելական ռազմական գործողությունը Ջենին փախստականների ճամբարում լուսաբանելու ժամանակ։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը չորեքշաբթի ասել է, որ Աբու Աքլեն «հավանաբար» սպանվել է պաղեստինցու պատահական կրակոցից, սակայն պաշտպանության նախարար Բենի Հանցն ավելի ուշ խոստովանել է, որ դա կարող էին լինել «պաղեստինցիները, որոնք կրակել են նրա վրա» կամ կրակը «մեր կողմից»։