Նիգերիայի քոլեջի ուսանողուհին ծեծի է ենթարկվել եւ այրվել իր համակուրսեցիների կողմից WhatsApp-ում «սրբապիղծ» մեկնաբանություններ անելու համար, փոխանցում է Guardian-ը:

Դեբորա Սամուել անունով ուսանողուհու սպանության գործով երկու կասկածյալ է ձերբակալվել։

«Ուսանողները խումբ են օգտագործում WhatsApp-ում, եւ Դեբորայի մահմեդական համակուրսեցիներից մեկը հոդված էր հրապարակել իսլամի մասին: Աղջիկը քննադատել էր հրապարակումը»,- ասել է ականատեսներից մեկը, ով հրաժարվել է հայտնել իր անունը: «Նա իսլամի մարգարեի մասին սրբապիղծ մեկնաբանություններ պարունակող ձայնագրություն էր արել եւ տեղադրել խմբում: Հենց դա էլ հետագա իրադարձությունների պատճառ էր դարձել»:

Ականատեսների խոսքով՝ դպրոցի անվտանգության աշխատակիցները եւ ոստիկանները փորձել են փրկել աղջկան, սակայն՝ ապարդյուն:

«Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել… այնուհետեւ սկսել են օդ կրակել՝ ուսանողներին ցրելու համար, սակայն նրանք դիմադրություն են ցույց տվել»,- ասել է երկրորդ կուրսի ուսանողուհի Սումմայա Ուսման Իննամեն:

Սոկոտոյում Շեհու Շագարիի կրթական քոլեջը հայտնել է, որ անորոշ ժամանակով փակում է ուսումնական հաստատությունը:

Նիգերիան բաժանված է հիմնականում քրիստոնյա հարավի եւ մուսուլմանական հյուսիսի:

2007 թ. հյուսիս-արեւելքում գտնվող միջնակարգ դպրոցի մահմեդական աշակերտները ծեծելով սպանել էին ուսուցչուհուն՝ նրան մեղադրելով Ղուրանը պղծելու մեջ: